ՀՀ նախագահի ազդեցությունը դատական համակարգի վրա սահմանափակ կլինի։ Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած ԱԺ նիստում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ ներկայացնելով բարեփոխումների նախագիծը։
Նրա խոսքով՝ գործող Սահմանադրության համաձայն՝ նախագահը կարող է նշանակել եւ պաշտոնանկ անել բոլոր աստիճանների դատավորներին։ Ընդ որում, չի նշվում, թե ինչ նպատակով են պետության ղեկավարին տրվում նման լիազորություններ։ Բացի այդ, դատարանների նախագահները նշանակվում են անժամկետ, ինչը սահմանափակում է ծառայողական սանդուղքով նրանց աճի հնարավորությունը, քանի որ գործնականում դատարանների նախագահները աշխատում են մինչեւ թույլատրելի տարիքը լրանալը։ «Իսկ ծառայողական սանդուղքով բարձրանալու հնարավորությունը առողջ մրցակցության նախապայմաններից է»,- հավելեց Պողոսյանը։ Նոր Սահմանադրությամբ առաջին ատյանի դատարանների նախագահները նշանակվում են 3 տարով՝ առանց անհապաղ վերանշանակման իրավունքի։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների ղեկավարները կարող են վերընտրվել 6 տարի ժամկետով՝ առանց վերանշանակման իրավունքի։





























