ԴԱՀԿ ծառայողներն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, գնացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանի բնակարան՝ նրանից վարչական տուգանքի գումարը բռնագանձելու համար: NEWS.am-ի հետ զրույցում Հակոբ Արշակյանը նշեց, որ 50 հազար դրամ վարչական տուգանքը Հակոբ Արշակյանի նկատմամբ կազմվել է 2 տարի առաջ՝ «Դեմ եմ»-ի ակցիաներից մեկին մասնակցելու ժամանակ, երբ նրան բերման էին ենթարկել: Սակայն, Արշակյանին նախապես չի ծանուցվել դրա մասին:

«Վարչական տույժի մասին գործ են հարուցել իմ դեմ, վարչական դատարան են դիմել, գործը դատական վարույթ է գնացել, որի մասին ինձ դատական նիստից 2 օր առաջ է ծանուցվել եւ ես հնարավորություն չեմ ունեցել մասնակցել: Դրանից հետո որոշում է կայացվել ինձ տուգանել 50 հազար դրամով, եւ ես չեմ իմացել, որովհետեւ չեն ծանուցել ինձ, հետո հայցը հարկադիրին են ուղարկել, որպեսզի ինձանից գումար բռնագանձի»,-ասաց նա՝ նշելով, որ այդ որոշման մասին նույնպես իրեն չի ծանուցվել:

Հակոբ Արշակյանը նշեց, որ բանկային բոլոր հաշիվների վրա կալանք է դրվել, որից հետո կալանքի տակ են դրվել նաեւ Արշակյանի տունն ու մեքենան:

 «Այդ գումարի բռնագանձումն իրականացվել է աշխատավարձիցս, բանկն ինքը 58 հազար դրամը պահել էր, բայց ԴԱՀԿ-ն տեղյակ չէր դրանից եւ  իմ տունը, մեքենան ամբողջը կալանքի տակ են դրել: Տեղեկացրի նրանց եւ ասացին, որ բանկին հարցում կուղարկեն, որպեսզի գումարը բռնագանձեն եւ իմ ունեցվածքը հանեն կալանքից»,-ասաց Արշակյանը:

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ բողոքարկելու է ՀՀ Վարչական դատարանի՝ իրեն 50 հազար դրամով տուգանելու որոշումը, քանի որ իրենց ժամանակին չի ծանուցվել դատական նիստի ու դատարանի որոշման մասին: