Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցելու որոշակի նախապայմաններ կային։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողներին հայտարարել է ՀՀԿ նոր պատգամավոր Կարեն Բեքարյանը։

«Որպես «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ՝ ես միշտ կողմ եմ եղել եվրոպական արժեքներին։ Սակայն ես երբեք դեմ չեմ եղել ԵՏՄ-ին։ Ընդհանրապես պետք է հասկանալ եւ հասարակությանը հասցնել, որ «կամ ... կամ» կոշտ դիլեման չի կարելի օգտակար համարել այնպիսի փոքր պետության համար, ինչպիսին մերն է»,- ասել է Բեքարյանը։

Նրա խոսքով՝ տրամաբանական է, որ հանրապետությունը որոշել է միանալ այն ինտեգրացիոն միությանը, որի հետ արդեն կապված է ռազմական միությամբ։ «Եթե ԵՄ պետությունների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ են, ապա մենք ԵՏՄ մյուս անդամների նման ՀԱՊԿ անդամ ենք, որը բավական արդյունավետ է գործում։ Իսկ անվտանգության նշանակությունը մեզ համար չի կարելի թերագնահատել»,- եզրափակեց պատգամավորը։