3 տարեկան զոհված սիրիացի փոքրիկի հայրը «սարսափելի» է կոչել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրում հրապարակված իր որդու ծաղրանկարները: Ընդ որում, Աբդուլլա Քուրդին հերքում է դեպի Եվրոպա փախստականների ապօրինի փոխադրում կազմակերպելու շուրջ բոլոր մեղադրանքները:

«Բառերով չեմ կարող փոխանցել, թե որքան վիրավորվեցի, երբ այդպիսի մեղադրանքներ լսեցի: Եթե մաքսանենգ լինեի, արդյո՞ք ընտանիքիս հետ այդպես կվարվեի: Արդյո՞ք երեխաներիս եւ կնոջս այդպիսի ճամփորդության կուղարկեի: Եթե իմանայի, որ այդքան վտանգավոր է, երբեք չէի համաձայնի նրանց այդ նավակը նստեցնել: Եթե մաքսանենգ լինեի, պատահածից անմիջապես հետո Եվրոպա կփախչեի՝ հետապնդումից խուսափելու համար: Միաժամանակ, փորձում են գտնել այն մաքսանենգների հետքերը, որոնք հանձն առան մեզ փոխադրել: Ես պայքարում եմ, որպեսզի նրանց դատական կարգով պատժեն»,- Sputnik-ին տված հարցազրույցում ասել է Քուրդին:

Նա նաեւ նշել է, որ «հրաժարվել է քաղաքացիություն տրամադրելու՝ բազմաթիվ երկրների առաջարկից». «Հիմա արդեն սկսեցին իմ մասին տարբեր լուրեր տարածել: Հիմա ես էրբիլում եմ (Իրաք): Փորձելու եմ օգնել տեղի փախստականների խնդիրների լուծմանը: Մի քանի օրից վերադառնալու եմ Ստամբուլ, այնտեղից էլ՝ Քոբանի (Սիրիա)»:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մեկնաբանելով Charlie Hebdo-ում իր որդու մահից հետո ծաղրանկարների հրապարակումը, Քուրդին հայտարարել է, որ «այդ սարսափելի նկարները ցնցել են ոչ միայն իրեն, այլեւ բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում»: