Տաջիկստանի Ռամիթի կիրճում ուժայինները 8 սպանված զինյալի դի են հայտնաբերել, ինչպես նաեւ նույնականացվել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Աբդուհալիմ Նազարզոդի մարմինը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հատուկ գործողության շտաբում իր աղբյուրները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռամիթի կիրճում իրականացրած հակաահաբեկչական գործողության արդյունքում սպանվել են հանցավոր խմբավորման առաջնորդ Աբդուհալիմ Նազարզոդը եւ նրա մերձավոր զինակիցները։
«Հատուկ գործողության ակտիվ փուլը սկսվել էր սեպտեմբերի 15-ի երկրորդ կեսին։ ՕՄՕՆ-ի եւ «Ալֆա» խմբի ստորաբաժանումները մարտի մեջ էին մտել զինյալների հետ։ Գիշերային բախումներից զոհվել են կառավարական ուժերի 4 զինծառայող, այդ թվում «Ալֆա» խմբի հրամանատար գնդապետ Ռուստամ Ամակիեւը»,- ասել է գործակալության զրուցակիցը։




























