Ազգաբնակչության եւ ՓՄՁ-ների համար կառավարությունը շարունակելու է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Կառավարությունը գումար ունի եւ սուբսիդավորելու է: Մենք պայմանավորվել ենք, որ անելու ենք եւ անում ենք»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ ՓՄՁ-ները պնդում են, որ իրենց ստիպում են պայմանագրեր կնքել էլեկտրաէներգիայի նոր սակագնով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից: Նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ սուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին եւ մինչեւ 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին։ Նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում։




























