Գազի դիմաց ռուբլիով վճարելը կօգնի Հայաստանի տնտեսությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով իր առաջարկին, որ Հայաստանը գազի դիմաց ՌԴ-ին վճարի ռուբլիով:
«Գործընթացն արագ չի լուծվելու, սակայն մենք հարց ենք դրել օրակարգում: Ռուբլի-դոլար-դրամ տատանումները ազդում են մեր տնտեսության վրա, այդ պատճառով մենք առաջարկում ենք, որ գազի դիմաց վճարենք ռուբլիով: Մենք շատ լավ առաջարկ ենք արել: Ռազմավարական եւ ԵՏՄ անդամ գործընկերներ ենք: Թող մի բան էլ իրանց ձեռ չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռ տա»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին բելառուսական Գրոդնոյում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետերի հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ պետություններին առաջարկել էր փոխադարձ հաշվարկներում անցնել ռուբլու:




























