Հակառակորդը երեկ` սեպտեմբերի 15-ին, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Չորաթան գյուղի խաղողի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ, տուժողներ չկան: Այս մասին NEWS.am-ին ասաց գնդակոծմանն ականատես Սամվել Քալանթարյանը` ավելացնելով, որ գյուղացիները մի կերպ են հասցրել փախուստի դիմել:

«Կրակոցների ժամանակ էնտեղ էի, կրակում էին, չեն թողնում` աշխատենք: Գնդակները տեսանք, ժողովուրդը հազիվ հասցրեց փախնել, թաքնվել, գործը թողել են, տուն գնացել»,-ասաց գյուղացին:

NEWS.am-ի հետ զրույցում Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը նշեց, որ կրակոցներն այժմ դադարել են, իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին  ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից  ամբողջությամբ այրվել էր  Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: