Սեպտեմբերի երկրորդ կեսին և օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կլինեն նորմայի սահմաններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ ցերեկային առավելագույն ջերմաստիճանները Արարատյան դաշտում և Երևանում հիմնականում կտատանվեն +28...+30, իսկ գիշերային նվազագույնները +14...+16 աստիճանի սահմաններում:
Իսկ առաջիկա 5 օրերին եղանակակլիմայական փոփոխություններ պետք է սպասել միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում: Սեպտեմբերի 18-ին այստեղ կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ մյուս շրջաններում 2-3 աստիճանով:
Երևանում կարճատև անձրևի փոքր հավանականություն կա միայն այսօր երեկոյան ժամերին, սեպտեմբերի 17-21-ին կգերակշռի քիչ ամպամած առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կտատանվի +30...+32, իսկ սեպտեմբերի 18-21-ին +28...+30 աստիճանի սահմաններում»,- ասաց Սուրենյանը։




























