Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը պարտադիր չէ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին՝ ՀՀ խորհրդարանի նիստի ժամանակ, հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

Նա նշեց, որ խորհրդարանում պատգամավորների նվազագույն թիվը 101-ն է։ Դա այդպես էլ կմնա, եթե ընտրություններն ավարտվեն առաջին փուլով։ «ԱԺ ընտրությունները կարող են լինել երկրորդ փուլով, եթե չկա կայուն մեծամասնություն։ Եթե դա չի ձեւավորվում, ապա երկրորդ փուլը պետք է կայանա ամենից շատ ձայն հավաքած առաջին 2 ուժերի միջեւ։ Հաղթող ուժը ստանում է այնքան մանդատ (ի լրումն 101-ի), որպեսզի կայուն մեծամասնություն ունենա եւ կարողանա Կառավարություն ձեւավորել։ Մյուս կուսակցությունները պահպանում են այն մանդատները, որոնք ստացել են ընտրությունների արդյունքում»,- ասաց նա։ Պողոսյանը շրջանցեց հարցը, թե երկրորդ փուլի անցկացումը խախտո՞ւմ է արդյոք խորհրդարանի ներկայացուցչական գործառույթը, քանի որ երկրորդ փուլում առաջատարների օգտին քվեարկել չցանկացող անձանց իրավունքները ոտնահարվում են։