Պետությունը պատրաստ է «Նաիրիտ» գործարանի ներդրողներին լուրջ զիջումների գնալ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Նա հիշեցրեց, որ բրիտանական Jacobs ընկերության հետազոտության համաձայն՝ գործարանի կրկնակի գործարկումը անհնար է։ Այդուհանդերձ, Կառավարությունը չի ցանկանում հաշտվել նման կարծիքի հետ եւ շարունակում է ներդրողներ որոնել։ Վարչապետը մի քանի անգամ ընդգծել է, որ իրենք պատրաստ են ուսումնասիրել ցանկացած առաջարկ։ Ցավոք, վերջին 2 տարում նման առաջարկ չի եղել։ Եղել է հետաքրքրություն, սակայն դա կոնկրետ առաջարկի չի վերածվել։

«Ուզում եմ նշել, որ գործարանի փակումը Կառավարությանը ձեռնտու չէ, քանի որ ստիպված է լինելու գումար վատնել տարածքը կոնսերվացնելու ու վնասազերծելու համար։ Մեզ համար շատ ավելի շահավետ է, որ այն ծախսերն ուղղված լինեն գործարանի վերագործարկմանը»,- ասաց նախարարը։