Հայաստանի ֆինանսների նախարարությունն առաջիկայում կքննարկի ակցիզի հարկի նոր դրույքաչափերի մասին օրինագիծը: Այս մասին սեպտեմբերի 16-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նա նաեւ հավելեց, որ Եվրասիական միության երկրները քննարկում են ակցիզի ազգային դրույքաչափերը, քանի որ մինչեւ 2020 թվականը պատրաստվում են ներդաշնակեցնել դրանք:
Հիշեցնենք, որ ակցիզի դրույքաչափերի բարձրացման մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2015 թվականի հունիսին, սակայն դրա դեմ հանդես են եկել ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանական պատգամավորները: Օրինագծով նախատեսվում է բարձրացնել ծխախոտի, օղու, բենզինի եւ դիզելային վառելիքի ակցիզը, ինչպես նաեւ այն ներդնել հեղուկ գազի համար:
Այսպես. եթե ներկայում օղու ակցիզային հարկը կազմում է 30 տոկոս, սակայն մեկ լիտրի դիմաց 500 դրամից ոչ պակաս, ապա օրինագծով այն կդառնա 55 տոկոս։ Հազար հատ ֆիլտրով ծխախոտի հարկը 5 հազարից կդառնա 5.5 հազար դրամ, իսկ առանց ֆիլտր ծխախոտինը 1400-ից կդառնա 1540 դրամ։ Բենզինի մեկ տոննայի ակցիզը 112 հազարից առաջարկում են դարձնել 120 հազար դրամ, դիզվառելիքինը՝ 32,5 հազարից 35 հազար դրամ, իսկ սեղմված գազի ակցիզը, որը առաջարկվում է կիրառել առաջին անգամ, 1000 խ/մ-ի դիմաց կսահմանվի 8330 դրամ։





























