Ռուս հեռուստաաստղ Քսենիա Սոբչակը Վրաստան կատարած այցելության ժամանակ փողոցում քայլել է Պուտինի նկարով շապիկով: Նրան մեղադրել են ընդհուպ մինչեւ նոր ռուս-վրացական հակամարտություն սադրելու մեջ, գրում է Georgiatimes.info-ն: Գիտակից մարդիկ, սակայն, շատ նորմալ են վերաբերել Սոբչակի նման արարքին, այն համարելով կատակ:
Սոբչակը Թբիլիսի էր եկել կորպորատիվ ինչ-որ երեկո վարելու համար: «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ` մեկ երեկո վարելու համար տեղի բիզնեսմեններից մեկը, ում անունը չի հաղորդվում, Սոբչակին վճարել է 150 հազար դոլար:
Այն, որ Սոբչակի հագուստը դժվար թե բերի իր համար լուրջ կոնֆլիկտների, վստահ է նաեւ նրա մայրը` ՌԴ սենատոր Լյուդմիլա Նարուսովան: «Ի վերջո, Քսենիան գտնվել է ժողովրդավարական երկրում եւ ազատ է եղել վարվել, ինչպես կամենա եւ հագնվել ինչպես կամենա»,- ասել է նրա մայրը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, լուրեր են շրջում, ըստ որոնց, Թբիլիսիում գտնվելու ժամանակ Քսենիան գաղտնի հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Որոշ տեղեկություններով, այդ հանդիպումը կայացել է Սահմանադրական դատարանի շենքում եւ տեւել է 15 րոպե:


























