Մատչելի պայմաններով առաջարկի դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել Բելառուսից գյուղտեխնիկայի լրացուցիչ խմբաքանակի ներկրման հնարավորությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ-ում Բելառուսի նոր դեսպան Իգոր Նազարուկի հետ հադիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ բելառուսական ներդրումներով Հայաստանում տրակտորների հավաքման արտադրամասի հիմնման հարցին: Դեսպանը նաեւ առաջարկել է բելառուսական արտադրության կոմբայններ ներկրել Հայաստան եւ իրականացնել ցուցադրական շահագործում` հայ ֆերմերներին տեխնիկայի հնարավորություններին ծանոթացնելու նպատակով:

Կողմերը երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններին` խթանելով ապրանքաշրջանառությունը:

Քննարկվել են նաեւ Բելառուսի ագրարային բուհերում հայ մասնագետների վերապատրաստման, գյուղմթերքի արտահանումների եւ սննդամթերքի անվտանգության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության սերտացման հարցերը: