Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլունին: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերություններին, մասնավորապես, վարչապետ Աբրահամյանի՝ Չինաստան կատարելիք աշխատանքային այցին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-չինական համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ կարեւորել երկու երկրների միջեւ տնտեսական կապերի հետագա զարգացման ու խորացման ուղղությամբ համատեղ նոր ծրագրերի իրականացումը:
Դեսպան Թյան Էրլունը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետի ջերմ ողջույնները եւ ընդգծել, որ իր երկիրը մեծապես շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնմամբ: Դեսպանը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը Չինաստան նոր ազդակ կհաղորդի հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խորացմանը:




























