«Եվրանեսթ» Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավարությունը ափսոսանք է հայտնել համագործակցությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի խորհրդարանի որոշման կապակցությամբ։ «Եվրանեսթ» ԽՎ-ն ամեն դեպքում շարունակում է գործել եւ աջակցել «Արեւելյան գործընկերության» երկրների քաղաքական եւ տնտեսական ինտեգրացիային։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրանեսթին մասնակցելը յուրաքանչյուր երկրի սուվերեն եւ ազատ իրավունքն է։ «Մենք հաշվի ենք անում եւ հարգում ենք Ադրբեջանի Միլի Մեջլիսի որոշումը»,- ասված է «Եվրանեսթի» համանախագահներ Հեյդի Հաուտալայի (Ֆինլանդիա) եւ Վիկտոր Դոլիձեի (Վրաստան) հայտարարության մեջ։

Սակայն այս որոշմամբ Ադրբեջանը զրկում է իրեն տարածաշրջանի համար կարեւոր խորհրդարանական նիստերում ձայնի իրավունքից։ «Այս կառույցից դուրս գալու որոշումը ուժի մեջ է մտնում ծանուցումից մեկ տարի անց։ Այդ ընթացքում մենք պատրաստակամ ենք քննարկել իրավիճակը Միլի Մեջլիսի հետ»,- ասված է հայտարարության մեջ։