Մասիս քաղաքի 35-ամյա բնակչուհին նախկին աշխատավայրից՝ Մասիս քաղաքի միջնակարգ դպրոցի լաբորատորիայից է ձեռք բերել սնդիկի հիդրօքսիդը, որով թունավորել է իրեն եւ 4-ամյա դստերը: Այս մասին ասվում է դեպքի առթիվ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 08:00-ի սահմանում, Շուշանիկ. Թ. իր ննջասենյակում ինքնասպան լինելու համար խմել է սնդիկի հիդրօքսիդ, բացի այդ, ներարկիչի միջոցով սնդիկի հիդրօքսիդ է խմեցրել իր 4-ամյա դստերը։ Կնոջն ու նրա 4-ամյա դստերը բժշկական կենտրոն են տեղափոխել տանը գտնվող նրա ընտանիքի անդամները։
Դեպքի վայրի զննության ժամանակ Շ.Թումանյանի ննջասենյակից հայտնաբերվել եւ առգրավվել է երկու ապակե տարա, որոնցից մեկի մեջ եղել է գազարագույն փոշենման նյութ, իսկ մյուսի մեջ՝ արծաթագույն նյութ, առգրավվել է նաեւ մեկ նարնջագույն ներարկիչ, որի վրա առկա է եղել գազարագույն փոշենման նյութ եւ թեյի բաժակ, որի ներսի հատվածը քայքայված է եղել ինչ-որ նյութի ազդեցությունից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատանյութագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Համաձայն «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ Շ.Թումանյանն ի վիճակի չէ բացատրություն տալ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքներա ու պատճառները։




























