Իրեն եւ 4-ամյա դստերը սնդիկի օքսիդով թունավորած 35–ամյա Շուշանիկ Թ.-ի եւ դստեր կյանքին վտանգ չի սպառնում:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ այսօր` սեպտեմբերի 17–ին,  Մասիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել է մայրը, NEWS.am-ին հայտնեցին, որ նա դեռ Վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն է:

4-ամյա երեխային տեղափոխել են Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ սնդիկի օքսիդից այրվել է երեխայի ստամոքսը, կերակրափողը, բերանի խոռոչը: Երեխայի վիճակը միջին ծանրության է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ին Մասիս քաղաքում 35-ամյա Շուշանիկ Թ.-ն սնդիկի օքսիդ եւ արծաթի նիտրատ էր խմել, ապա սնդիկի օքսիդ էր խմեցրել նաեւ 4-ամյա դստերը՝ Սյուզի Մ.-ին: Շուշանիկ Թ.-ն ամուսնալուծված է, քիմիայի ուսուցչուհի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):