Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքհերջին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ցանկանում եմ Հնդկաստանի կառավարության, ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմ ողջույններ եւ շնորհավորանքներ հղել Ձեզ, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Հնդկաստանում մենք ուրախ ենք ականատես լինելու վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում հայ ժողովրդի ձեռքբերած առաջընթացին եւ զարգացմանը: Մաղթում ենք հետագա հաջողություններ ընտրած ճանապարհին: Հնդկաստանը շարունակում է հավատարիմ կերպով աշխատել հայ ժողովրդի հետ՝ ավելի խորացնելու մեր ավանդական եւ փոխշահավետ երկկողմ հարաբերությունները»: