Սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովրդի առջեւ պատասխանատու են լինելու արդեն ոչ թե պետությունը՝ ի դեմս Կառավարության, այլ քաղաքական կուսակցությունները։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ եթե ժողովուրդը դժգոհի երկրում տիրող սոցիալական վիճակից, նա կպահանջի ոչ թե պետությունից, այլ կոնկրետ այն կուսակցությունից, որին ընտրել է։ Չէ՞ որ հենց նրան է ազգը վստահել Կառավարության ձեւավորումը։ «Հաշվի առնելով կուսակցությունների աճող դերը՝ խորհրդարան անցած պատգամավորները չպետք է փոխեն խմբակցությունները։ Եթե ընտրողը պատգամավորին տեղ է վստահել խորհրդարանում կոնկրետ կուսակցության անունից, ապա հետո նա հաշվետու է իր աշխատանքի եւ կառավարության վերահսկման համար։ Նա հաշվետու է տվյալ կուսակցության ընտրազանգվածների առջեւ։ Իսկ նշանակում է, որ նա խորհրդարան մտնելուց հետո չպետք է այնտեղ ավելի հարմար կուսակցություններ փնտրի»,- ասաց Հակոբյանը։




























