Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում խորհրդին է ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի ղեկավար ձեռնարկը: Նշվել է, որ ծրագիրը սկսվել է այս տարի եւ նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 43 մլն դոլար, ընդգրկելու է հանրապետության բոլոր մարզերը, բացի Երեւանից: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել տարածքների համաչափ զարգացմանը՝ վարկային միջոցները հասանելի դարձնելով առավել կարիքավոր եւ խոցելի համայնքների համար: Ծրագիրն ուղղված է համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքների որակի մատչելիության՝ այդ թվում կրթական, առողջապահական, համայնքային օբյեկտների, համայնքային եւ միջհամայնքային ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի բարելավմանը:

Վարչապետը կարեւորել է ծրագրով նախատեսված ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: