Սահմանադրական բարեփոխումները բացառում են իշխանության անվերահսկելիությունը, որ ուժն էլ որ դա լինի։ Այս մասին սեպտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով իր խմբակցության տեսակետը։

Նրա խոսքով՝ չի լինի ոչ մի պաշտոն, որի համար սահմանված կլինեն այդքան մեծ լիազորություններ եւ այդքան քիչ պատասխանատվություն, ինչպիսին որ հիմա ներկայիս նախագահի պաշտոնն է։

Ռուստամյանը  լիովին չկայացած է համարում այն կարծիքը, թե կիսանախագահական  համակարգը, ի տարբերություն խորհրդարանականի, խոչընդոտում է իշխանության վերարտադրմանը։

«Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ մենք արդեն ունենք 3-րդ նախագահը, իսկ իշխանության վերարտադրությունը շարունակվում է։ Պատճառն այն է, որ հնարավոր չէ  իշխանությունը ընտրությունների միջոցով փոխել։ Իշխանության ղեկավարը փոխվում է, իսկ բուն իշխանությունը՝ ոչ։ Հենց դրա դեմ էլ մենք պայքարում ենք եւ կարծում ենք, որ նոր Սահմանադրությունը կլուծի այդ խնդիրը»,- հայտարարեց Ռուստամյանը։