«Հրապարակ» թերթը մոտ մեկ ամիս առաջ գրել էր, թե հայաստանյան ձվի շուկայում մենաշնորհ է ձեւավորվում՝ «Վալենսիա գրուպի» նախագահ, Երեւանի եւ «Արաքս» թռչնաֆաբրիկաների սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը գնել է «Լուսակերտի» եւ մի քանի այլ ֆաբրիկաներ: Անցավ մոտ մեկ ամիս եւ «Լուսակերտի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանը սկսեց հերքել այդ լուրերը:
Թերթի տեղեկություններով, այդ գործարքը, այնուամենայնիվ քննարկվել է եւ անգամ նախնական պայմանավորված է ձեռք բերվել, սակայն մոտ մեկ ամիս անց չեղյալ համարվել: Ձախողման պատճառը «Լուսակերտում» հայտնաբերված լիզինգային գործարքի առկայությունն է եղել՝ մոտ 7 մլն դոլարի, որը դեռ փակված չի եղել, եւ որի մասին գնորդը տեղեկացել է գործարքի ավարտին: Եւ դա էլ պատճառ է դարձել գործարքն անվավեր ճանաչելու համար: Միայն դրանից հետո Խ.Մանուկյանը սկսեց հերքել, թե՝ ես ֆաբրիկան չեմ վաճառել: Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել գործարքի կողմերից, սակայն երկու Խաչիկները չեն ցանկացել պարզաբանումներ տալ:




























