ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը խորապես մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ: Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման, ԵԱՀԿ օրակարգի հարցերի։
Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը գոհունակությամբ արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են։ Այդ առումով անդրադարձ է արվել Երեւանում եւ Բելգրադում դեսպանությունների բացման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, ուղիղ չվերթների հաստատման առնչվող հարցերի։
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր եւ այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ եւ կարեւորել հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։
Նախարար Նալբանդյանը նշել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների բազմաթիվ կոչերին եւ հորդորներին՝ Բաքուն չի հրաժարվում իր ապակառուցողական կեցվածքից եւ սադրանքներից։




























