Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Զրուցակիցները կարեւորեցին 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը։
Անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարեւորվեց ս.թ. մայիսին ստորագրված Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Մտքեր փոխանակվեցին Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի առաջիկայում նախատեսված անդրանիկ հանդիպման վերաբերյալ։
Վիկտորիա Նյուլանդի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը։
Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցության համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Պետքարտուղարի տեղակալը խորը մտահոգություն հայտնեց լարվածության աճի կապակցությամբ եւ ընդգծեց հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձան ահաբեկչության դեմ պայքարին, Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներին։




























