Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները կրկին անելանելի վիճակում են. մեքենաներում բեռնված խաղողը  չեն կարողանում մթերել:  NEWS.am-ի հետ զրույցում Լուսառատ գյուղի բնակչուհի Արմինե Թադեւոսյանը ասաց, որ արդեն 3 օր է մեքենաներում բեռնված մոտ 4 տոննա խաղողի բերքը վերամշակող գործարանները հրաժարվում են ընդունել եւ խ բերքը մեքենաներում փչանում է:

«Մեր այդքան տանջանքը ջուրը լցվեց, 3 օր է 4 տոննա խաղողը մեքենայի մեջ է, տակից շիրան գնում է, ամբողջ բերքը փչացավ: Համագյուղացիներս էլ են իմ վիճակում, որ գործարան տանում ենք ասում են չենք աշխատում, կամ էլ տեղ չունեն: Վարչապետն եկավ խոսեց, գնաց, ոչինչ չփոխվեց»,-ասաց Արմինե Թադեւոսյանը:

Նրա խոսքով, եթե գյուղացիները այսօր էլ իրենց բերքը չկարողանան մթերել, կդիմեն ծայրահեղ քայլերի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւան-Արարատ մայրուղին 2015թ. սեպտեմբերի 25-ին, մի քանի ժամ փակ պահող  խաղողագործների հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր:

Վարչապետը խնդրի իրավիճակային լուծում էր առաջարկել. բերքը մթերել Աբրահամյանների ընտանիքին պատկանող՝ Մխչյանի գինու գործարան եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարան:

Վարչապետը հավաքված գյուղապետերի հետ զրուցել, պայմանավորվել է, որ նրանք իրեն ներայացնեն այն գյուղացիների ցանկը, որոնց չի հաջողվի մթերել խաղողը՝ խոստանալով նրանց խնդրի համար նույնպես որեւէ լուծում գտնել:

Նշենք, որ գյուղացիները, որոնք խաղողի բերքով բեռնված ավտոմեքենաներով փակել էին մայրուղին, եւ դժգոհում էին, որ Մասիսի «Նոյ» գործարանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է մթերել խաղողը, մինչեւ վարչապետի ժամանելը հայտարարել էին, որ չեն բացի ճանապարհը, մինչեւ Հովիկ Աբրահամյանը չգա իրենց մոտ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ստիպված էր եղել նրանց ներկայությամբ հեռախոսով խոսել վարչապետի հետ՝ հավաստիացնելու համար, որ նա ճանապարհին է:

Նշենք, որ 2015թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նա ասել է, որ  հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Նա վստահեցրել է, որ թեեւ նախորդ տարվա համամատ առաջարկը պահանջարկից մեծ է, բայց անկախ ամեն ինչից իրենք մթերումները նորմալ անցկացնելու են: