Էջմիածնում սեպտեմբերի 10-ին 13-ամյա Լիանա Ասատրյանի մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 13-ամյա աղջկա մահվան պատճառը հանդիսացել է գլխուղեղի եւ թոքերի խիստ արտահայտված այտուցը, որը հետեւանք է «Շաքարային դիաբետի»: Հետեւաբար, քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Նշենք, որ երեխայի հայրը՝ Արտյոմ Ասատրյանը, մեզ հայտնել էր, որ ոստիկանություն բողոք չի ներկայացնելու:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. սեպտեմբերի 10-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է Էջմիածնի 13-ամյա բնակչուհու դիակը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` 13-ամյա աղջնակի մահը վրա է հասել գլխուղեղի եւ թոքերի խիստ արտահայտված այտուցից, որը հետեւանք է «Շաքարային դիաբետի»:
Վաղարշապատի պոլիկլինիկայից էլ NEWS.am-ին հայտնել էին, որ Լիանա Ասատրյանը դեպքի օրն իրենց մոտ հետազոտվել է, մանկական վնասվածքաբանը ստացիոնար բուժման ուղեգիր է տվել աղջկա մորը, սակայն մայրը երեխային սնխչու մոտ է տարել, որը մերսումներ է արել, ինչից հետո Լիանա Ասատրյանը կոմայի մեջ է ընկել: Սնխչին, սակայն, հերքում է այդ տեղեկությունը:




























