Հայ-ադրբեջանական սահմանագոտում լարված իրավիճակը պահպանվում է, Ադրբեջանի գործողությունների բնույթը փոխվել է, այն սկսել է թիրախավորել սահմանամերձ գյուղերը, օգտագործել հրետանային տեխնիկա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին:

«Լարվածություն է առաջացել եւ Հայաստանի սահմանագոտում, եւ հայ-ադրբեջանական  սահմանին: Ադրբեջանի նախահարձակ գործողությունները կարելի է որակավորել որպես ահաբեկչական գործողություններ»,-ասաց Գեղամ Հարությունյանը:

Նա նշեց, որ այսօր դժվար է խոսել հրադադարի ռեժիմի մասին, քանի որ այն անընդհատ խախտվում է, եւ Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ հակամարտությունն ի օգուտ իրենց լուծելու, ազատ ու ինքնորոշված Արցախը իրենց բռնակցելու:

«Ադրբեջանը չի կարող հաջողության հասնել, Ալիեւ կրտսերը պետք է իր հոր դասերը հիշի, մենք վստահ ենք մեր բանակի ուժին, այն լուծում է հակառակորդին արժանի հակահարված տալու խնդիրը»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ վերջին օրերի լարվածությունը սահմանին պայմանավորված է նաեւ նրանով, որ Ադրբեջանը որդեգրել է իր համար անիրականանալի քաղաքականություն՝ հակամարտության խնդիրը լուծել բացառապես իր օգտին, բացառելով բանակցությունները:

«Ադրբեջանը սպառազինվել է, միգուցե դա է համոզմունք առաջացրել, որի իր ուժով գերազանցում է Հայաստանին: Ադրբեջանի գործողությունների բնույթը գնալով բարդանում է եւ հայկական կողմն էլ պատժիչ հակահարված է տալիս: Ադրբեջանի քաղաքականությունը հաշվետու է, երբ սեփական ժողովրդի եւ միջազգային նորմերի առաջ»,- ասաց նա: 

Գեղամ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն այնքանով են վտանգավոր դարձել, որ սկսել է հաշվի չնստել միջազգային հանրության կարծիքի հետ. «Ադրբեջանը այնպիսի ձեւով ներկայանալ, իբր ինքնաբավ է, ավելի կոնկրետ գժի պահվածքով»:

Գեղամ Հարությունյանը բացառեց հակամարտության հետագա սրումը՝ նշելով, որ Ադրբեջանի գործողությունները սադրիչ են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: