ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը ողջունում է առաջընթացը, որը ձեռք է բերվել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցում, որն իրականացվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:
Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատում բարեփոխումների տեքստի որակը եւ համապատասխանությունը միջազգային չափանիշներին, ասված է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայտարարության մեջ:
«Հանձնաժողովը նաեւ ողջունում է փաստը, որ սահմանադրական փոփոխությունները ընդունվելու են հանրաքվեով, եւ կոչ է անում քաղաքական ուժերին մասնակցել հանրաքվեին ու խորհրդակցություններին, որոնք այդ գործընթացի մի մասն են»,-ասված է հայտարարությունում:
Հանձնաժողովի փորձագետները նշում են, որ սահմանադրական փոփոխություններին վերաբերող որոշ հարցեր քաղաքական առումով վիճելի են եւ բուռն քննարկվում են հայկական հասարակությունում: «Քաղաքական համակարգի ընտրությունը ՀՀ քաղաքացիների խնդիրն է, եւ միայն նրանք պետք է լուծեն այդ խնդիրը կայանալիք հանրաքվեի ժամանակ: Հետեւաբար Հանձնաժողովը կոչ է անում բոլոր շահագրգիռ քաղաքական գործիչներին ապահովել, որպեսզի հանրաքվեն ընթանա ժողովրդավարության ամենաբարձր չափանիշների համապատասխան»,-ասված է հայտարարությունում:





























