Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամներ Երևանի Մաշտոցի պուրակից այսօր՝ սեպտեմբերի 30-ին երթ անցկացրին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով` իրազեկելով հոկտեմբերի 2-ին կայանալիք «Ոչ–ի ճակատի» հանրահավաքի մասին։
Մասնակիցները քաղաքացիներին բաժանում էին թռուցիկներ և կոչ անում միանալ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին։
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ։
Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային սկսվել են նախագծի քննարկումները: Ըստ ԱԺ նախագահի՝ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչեւ աշնան վերջ:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























