Աֆղանստանի Քունդուզ քաղաքի ազատագրման ֆոնին «Թալիբան» շարժման գրոհայինները երկրի հյուսիսում գրավել են 2 նոր շրջան՝ Բաղլան նահանգում Թալա վա Բարֆակը եւ Թախար նահանգում՝ Խոջա Ղարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Pajhwok գործակալությունը։

Ըստ առկա տեղեկությունների՝ Թալա վա Բարֆակը ամբողջովին անցել է թալիբների հսկողության տակ նախօրեին ժամը 23։00-ին։ Անվտանգության ուժերը նահանջել են հարեւան Սամանգան։  «Թալիբները արգելափակել են ճանապարհները եւ պահում են շրջկենտրոնը»,- հայտնել է տեղական աշխարհազորայինների հրամանատարներից մեկը եւ հավելել, որ արմատականները վերահսկում են պետական հաստատությունները, որոնց աշխատակիցները ստիպված են եղել փախչել։

«Թալիբան»-ի ղեկավարությունն իր վրա է վերցրել նոր հարձակման պատասխանատվությունը։