Հայաստանի կառավարությունը նախապատրաստել է արտոնագրային վճարի մասին օրենքի նոր նախագիծ, որը շուտով կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը։ Ըստ այդմ, այն ֆիզիկական անձինք (նաեւ անհատ ձեռներեցները), որոնք ունեն տարեկան 6 մլն դրամից (մոտ 16 հազ. դոլար) պակաս շրջանառություն եւ չունեն վարձու աշխատողներ, կարող են դառնալ արտոնագրային վճար վճարողներ։ Այդ դեպքում նրանք ստիպված չեն լինի հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններին, ինքնուրույն կորոշեն, թե երբ պետք է հարկը վճարել։ Այս համակարգից օգտվելու համար հարկավոր է ընդամենը դիմում-հայտարարագիր լրացնել։  

Սա կառավարության հերթական փորձն է հարկման դաշտ բերել այն անձանց, որոնց եկամուտները չեն հայտարարագրվում եւ չեն հարկվում՝ մանր արհեստանոցներ, տնայնագործական տնտեսություններ, տնային պայմաններում՝ ուսուցողական դասընթացներ, անշարժ գույքի վարձակալում եւ այլն։ Նշենք, որ 2008 թ. արդեն իսկ նմանատիպ օրենք ընդունվել է, սակայն գործնականում չի կիրառվել։ Ըստ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի՝ նոր օրենքը հնի համեմատ ավելի պարզեցված է։