Ամերիկացի քաղաքագետ Ռոջեր Սթոունը, որը միլիարդատեր Դոնալդ Թրամփի խորհրդականն է, գիրք կթողարկի, որում կպատմի ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ նրա ընտանիքի անդամների կյանքի ոչ այնքան վայելուչ դեպքերի մասին, գրում է The New York Post-ը։ «Հետազոտության» հեղինակը Սթոունն է՝ «այլընտրանքային պատմաբան» Ռոբերտ Մերոուի համահեղինակությամբ։ Հոկտեմբերի 13-ին լույս ընծայվելիք գրքի բովանդակությանը ծանոթացած լրագրողներն իրենց հոդվածն անվանել են. «Հիլարին փակ դռների հետեւում Բիլլին ծեծելու երկար պատմություն ունի»:
«The Clinton' war on women» («Քլինթոնների պատերազմը կանանց դեմ») վերնագրով գրքի հեղինակները պնդում են, որ ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնը տարիներ շարունակ դավաճանել է կնոջը, ինչից կինը սարսափելի զայրացել ու նույնիսկ ձեռք է բարձրացրել ամուսնու վրա։
Գրքում նաեւ նշվում է, որ Հիլարի Քլինթոնը խնդիրներ է ունեցել Գաղտնի ծառայության աշխատակիցների հետ, որովհետեւ վերջիններս հրաժարվել են տանել նրա պայուսակները։
Սթոունը եւ Մերոուն վստահեցնում են, թե այնպիսի ցնցող փաստեր են ներկայացնելու, որոնք «Բիլլ Քլինթոնին ընդմիշտ կզրկեն իր ժողովրդականությունից եւ կխաթարեն Հիլարիի՝ Սպիտակ տանը Քլինթոնների ընտանիքի երկրորդ ներկայացուցիչը դառնալու ծրագրերը», հաղորդում է BFM.ru-ն։
Ընտրական պայքարում Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցներից է։ Միլիարդատերը հանրապետականների շրջանում ամենամեծ ժողովրդականությունն է վայելում, Քլինթոնը, իր հերթին, դեմոկրատների առաջատարն է, նշում է ՏԱՍՍ-ը։





























