1991թ. օգոստոսի 24-ին Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան հռչակեց Ուկրաինայի Անկախության Հռչակագիրը: Այդ կապակցությամբ NEWS.am-ի խմբագրությունը դիմեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեքսանդր Բոժկոյին մի շարք հարցերով:

Պարոն դեսպան, նախապես շնորհավորում ենք Ձեզ՝ պետական տոնի առթիվ… ի՞նչ է փոխվել Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի համար՝ 2008թ. օգոստոսյան վրաց-օսական ռազմական գործողություններից հետո:

Շնորհակալ եմ շնորհավորանքների եւ Ձեր գործակալության ընթերցողների հետ մտքերս կիսելու հնարավորության համար…

Պատերազմը, ինչպես ապացուցում է պատմությունը, չի հանում խնդիրը, այլ հետաձգում է լուծումը, եւ այն խաղաղ ճանապարհով լուծել երբեմն ստիպված են պատերազմը սկսողների որդիներն ու թոռները…

Անխոս, հինգօրյա պատերազմից հետո իրավիճակը բարդացավ ինչպես ողջ Հարավային Կովկասի համար, այնպես էլ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի ու ողջ միջազգային հանրության համար, որին եւս մի գլխացավանք բաժին հասավ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ես կիսում եմ հայ փորձագետների կարծիքը, որոնք մատնանշում են, թե այդ պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի խոցելիությունը, առաջին հերթին՝ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում:

Նկարագրեք Ուկրաինայի շահերն այս տարածաշրջանում, եւ այն, թե ի՞նչ դեր է վերապահված Հայաստանին այդ շահերի համատեքստում:

Հարավկովկասյան տարածաշրջանը ուկրաինական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, ինչպես Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության համատեքստում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների մակարդակով: Եւ դա բնական է, քանի որ մենք լավ ենք հասկանում միմյանց, ունենք ընդհանուր պատմական անցյալ, որին, թեեւ կարելի է, տարբեր կերպ վերաբերվել: Եթե խոսենք գործնական տեսանկյունից, մեզ համար գլխավոր առաջնահերթությունը տնտեսական հարաբերություններն են:Ինքներդ դատեք, մինչճգնաժամյան փուլը մենք ընդգծում էին հայ-ուկրաինական երկկողմ առեւտրի դրական դինամիկան, որի ծավալները 2008թ. գերազանցում էին 300 մլն դոլարը: Հայաստանի հետ ընդհանուր առեւտարաշրջանառությամբ Ուկրաինան չորրորդ տեղում էր Ռուսաստանից, Գերմանիայից եւ Չինաստանից հետո, իսկ ներմուծմամբ՝ երկրորդը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի արտաքին առեւտուրը զգալի չափով իրականացվում է Ուկրաինայով, իսկ ուկրաինական «Ուկրֆերրի» բեռնափոխադրող ընկերությունը հայաստանյան ներմուծողների ավանդական գործընկերն է: Այս տարվա մարտից սկսած եւս մեկ տրանսպորտային հանգույց ստեղծվեց արտաքին առեւտրի համար՝ Ղրիմի Կերչ նավահանգստում նոր հանգվրան ու տերմինալ է բացվել, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել հայկական արտահանող-ներմուծող ընկերությունների ծախսելիք ժամանակը: Այսինքն, Ուկրաինայի ներկայությունը Հարավկովկասյան տարածաշրջանում բխում է ընդհանուր շահերից: Օրինակ, հատկանշական է, որ Ուկրաինայում վաճառվում է հայկական արտահանման առյուծի բաժինը կազմող հայկական կոնյակ, եւ ավելի շատ, քան բուն Հայաստանում:

Միջտարածաշրջանային համագործակցության եւ գործող համաձայնությունների հետագա կատարման համար դեսպանությունը նախատեսում է ուկրաինական տարբեր մարզերից պատվիրակությունների այց Հայաստան: Մասնավորապես, այս աշնանը մենք սպասում ենք Խարկովի մարզի պատվիրակության այցը՝ նահանգապետ Արսեն Ավակովի գլխավորությամբ:

Զարգանում է նաեւ քաղաքական երկխոսությունը: Այդ համատեքստում կարեւոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008թ. հուլիսին կատարած այցը Ղրիմ, որտեղ հայկական պետության ղեկավարը մասնակցեց հայկական վանական Սուրբ Խաչ համալիրի 650-ամյակին նվիրված միջոցառումներին: Բարձրաստիճան հայկական պատվիրակության ժամանման շրջանակներում տեղի ուենցավ Ուկրաինայի եւ Հայաստանի նախագահներ Վիկտոր Յուշենկոյի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում երկրների ղեկավարները մատնանշեցին երկկողմ հանդիպումների օրակարգի առաջնահերթությունները մոտակա ժամանակաշրջանի համար:

Հարկ է նշել Ուկրաինայի եւ Հայաստանի անցած տարվա արդյունավետ փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Այսպես, մեր համատեղ նախաձեռնությամբ 2008թ. դեկտեմբերի 5-ին Հելսինկիում հավանության արժանացավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հռչակագիրը՝ «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ պատժման Կոնվենցիայի 60-րդ տարեդարձի մասին»: մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են «Արեւելյան գործընկերության» շրջանակներում:

Վերջապես, անցած տարվա նոյեմբերին Օդեսայում ստորագրվեց Ուրկաինայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության եւ Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջեւ 2008-2012թթ. մշակութային համագործակցության ծրագիրը, որ նախատեսում է Հայաստանում Ուկրաինայի, իսկ Ուկրաինայում՝ Հայաստանի մշակույթի օրերի անցկացում, մի շարք այլ միջոցառումների կազմակերպում եւ երկու երկրների միջեւ մշակութային երկխոսության ակտիվացում, ինչը մեզ այնքան պակասում է:

Այս տարի մենք նաեւ սպասում են տնտեսական համագործակցության ոլորտում հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ Երեւանում: Ես հույս ունեմ, որ այնտեղ ոչ միայն կվերլուծվի նախորդ ժամանակահատվածում մեր առեւտրա-տնտեսական հարաբերությունների վիճակը, այլեւ մտքեր կփոխանակվեն մեր երկրների՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալու ելքերի մասին:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները նախատեսում են տարածաշրջանում խաղաղարար առաքելության իրականացում: Կիեւը մտադի՞ր է խաղաղարար ձեւաչափում մասնակցություն ունենալու հայտ ներկայացնել:

Ոկրաինան տարատեսակ խաղաղարար առաքելություններին մասնակցելու բավարար երկարամյա փորձ ունի: Եւ եթե նման առաջարկ լինի, այն ուշադիր կուսումնասիրվի: Բայց որքան ինձ է հայտնի, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներն ավելի շուտ աշխատանքային փաստաթուղթ են, դեռ չեն ընդունվել կողմերի կողմից եւ ուժի մեջ չեն մտել, այդ պատճառով էլ խոսել դրա գործնական կիրառման մասին, ակնհայտորեն, ժամանակավրեպ է: Կարծում եմ՝ երբ դա «սկզբունքներից» կվերածվի «պայմանագրի» կամ «համաձայնագրի», այնժամ էլ կքննարկվի, թե որ երկրներից խաղաղարար հրավիրել:

Ի՞նչ դիրքորոշում է որդեգրել Ուկրաինան հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում:

Ուկրաինայի պաշտոնական տեսակետն արտացոլված է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ, որ գործնականում անմիջապես հրապարկվեց Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության եւ Շվեյցարական Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից 2009թ. ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունից հետո: Այնտեղ մասնավորապես ասված է, որ «այդ փաստաթղթի ընդունումը վկայում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու՝ կողմերի ձգտման մասին, ինչը, իր հերթին, կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ընդհանուր տարածության ձեւավորմանը»:

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաեւ հույս էր հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի այդ հայտարարության իրականացման գործնական քայլերը հաջողությամբ կպսակվեն՝ հանուն երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման: Իմ կողմից հավելեմ, որ Հարավկովկասյան տարածաշրջանում այժմ պատմական գործընթացներ են գնում: Ախր Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը չափազանց մեծ նշանակություն կունենան ոչ միայն տարածաշրջանի քաղաքական կայունության, այնպես էլ այդ երկրների տնտեսությունների համար: Այդ պատճառով էլ մենք անկեղծորեն շահագրգռված ենք երկու բանակցային գործընթացների առաջընթացով, ինչպես շահագրգռված ենք մեր բարեկամ Հայաստանի հետագա բարգավաճմամբ:

Ռուսաստանը Կիեւի հետ պայմանավորվածությունների շրջանակում պատրաստվում է իր Սեւծովյան նավատորմը Ղրիմից տեղափոխել Աբխազիա: Ինչպե՞ս դա կանդրադառնա Հարավային Կովկասի իրավիճակի վրա:

Այո, իսկապես, առկա միջպետական փաստաթղթերի շրջանակում Ռուսաստանի Սեւծովյան նավատորմն Ուկրաինայում է մնալու մինչեւ 2017թ.-ը: Ընդ որում, կցանկանայի նշել, որ համաձայն Ուկրաինայի Սահմանադրության 17-րդ հոդվածի՝ երկրի տարածքում արգելվում է օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումը: Բայց մեր պետոթյունը հավատարիմ է մնում իր միջազգային պայմանագրային պարտավորություններին՝ կապված ՌԴ Սեւծովյան նավատորմի՝ Ուկրաինայի տարածքում մինչեւ 2017թ. մայիսի 28-ը մնալու հետ, եւ ամբողջ ծավալով իրականացնում է 1997թ. համաձայնագրի դրույթները: Նավատորմի հետագա ճակատագիրն ու տեղակայման վայրի որոշումը Ռուսաստանի դաշնության ներքին խնդիրն է: