Իշխանություններն ամեն ինչ արեցին Սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատի հոկտեմբերի 5-ի բողոքի ակցիան Ազգային ժողովի դիմաց խոչընդոտելու համար, քանի որ տեղյակ էին, որ ակցիան նախաձեռնած «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները մտադիր են այսօր հրապարակել «Ոչ»-ի ճակատի պայքարի հետագա գործողությունները:

Այս մասին ԱԺ-ում «Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի դնելու մասին» որոշման նախագծի ընդունվելուց հետո դրսում հավաքված ցուցարարներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Ոստիկանության այսօրվա ապօրինի գործողությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ամենից շատ վախենում են սահմանադրական բարեփոխումների գործընթացի տապալումից»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Պատգամավորը հայտարարեց, որ թեեւ ԱԺ-ն ընդունել է հանրաքվեի դնելու որոշման նախագիծը, սակայն Սերժ Սարգսյանը, որպես երկրի նախագահ, դեռ կարող է կասեցնել այդ գործընթացը:

Լեւոն Զուրաբյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անունից նախագահին կոչ արեց օգտվել իր այդ իրավասությունից եւ կասեցնել հանրաքվեի գործընթացը, որը, ըստ նրա, ժողովրդին տանում է պառակտման:

Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին կոչ արեց գնալ ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ տարել են բերման ենթարկված 21 ակտիվիստներին: Նրա խոսքով՝ ազատվելուց հետո հենց ոստիկանության առջեւ էլ նախաձեռնության անդամները կանեն իրենց հայտարարությունը :