Հայաստանի ֆինանսական շուկան քիչ զարգացած է, սակայն մեծ պոտենցիալով, այսօր` օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը: Կառավարությունը հույս ունի, որ ֆինանսական շուկան արագ կզարգանա շնորհիվ կենսաթոշակային բարեփոխումների, որոնց սկիզբն ազդարարված է 2011 թ. հունվարի 1-ից, իսկ 2014 թ. հունվարի 1-ից կներդրվի պարտադիր կուտակային համակարգը։
Կ. Թամազյանը որպես օրինակ նշեց Պերուի փորձը, որտեղ կենսաթոշակային բարեփոխումների հետեւանքով ընդամենը 2 տարվա ընթացքում ֆինանսական շուկան արագ զարգացավ, ներդրումային մթնոլորտն աշխուժացավ, ձեռնարկությունները ձգտեցին դուրս գալ ստվերից՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։ Կ. Թամազյանը հույս հայտնեց, որ հայրենի օլիգարխները նունպես «սպիտակ դաշտ» կմտնեն, քանի որ այլ կերպ կենսաթոշակային ֆոնդերում կուտակված միջոցներին հասու լինել չեն կարող։ Սակայն մեր կարծիքով՝ ֆինանսների նախարարության պաշտոնյան մի փոքր թերագնահատում է հայրենի օլիգարխների հմտությունները։
Կ. Թամազյանը խոստացավ, որ պարտադիր կենսաթոշակային համակարգի շնորհիվ, թոշակների չափը կհավասարվի նախկին եկամուտների 45-50 տոկոսին, ներկայիս 25 տոկոսի համեմատ։ Որպեսզի դրամ-դոլար տատանումները չազդեն մարդկանց խնայողությունների վրա, դրանք յուրաքանչյուր տարի կինդեքսավորվեն գնաճի չափով։ Բացի այդ՝ պետությունը կկրկնապատկի կենսաթոշակային ֆոնդերում քաղաքացիներին պարտադրված կուտակումները։
Կենսաթոշակների պարտադիր ապահովագրմանը Հայաստանն անցում կկատարի 2014 թ. հունվարի 1-ից։ Կստեղծվի կենսաթոշակների վճարման քառաստիճան համակարգ։ Առաջին աստիճանում սոցիալական թոշակ կտրվի այն անձանց, որոնք մինչեւ 5 տարվա աշխատանքային ստաժ ունեն։ Երկրորդ աստիճանում թոշակի իրավունք են ստանում 5-ից ավելի տարիներ աշխատանքային ստաժ ունեցող անձինք, որոնք ժամանակին կատարել են սոցապհատկացումներ։ Երրորդ աստիճանը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգն է։ Չորրորդ աստիճանում թոշակ կտրվի այն անձանց, որոնք կամավոր մուծումներ են կատարել հատուկ հաշիվների վրա։



























