Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը նորմալ եւ օրինաչափ է համարում ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պետական պարտատոմսերի բարձր տոկոսադրույքները։ «Ես հիշում եմ, երբ ֆինանսների նախարարությունը 70 տոկոսով էր միջոցներ ներգրավում։ Հիմա 15 տարվա պարտատոմսերը, եթե ճիշտ եմ հիշում, 12-13 տոկոսով են, իսկ կարճաժամկետ պարտատոմսերը՝ 7-8 տոկոսով։ Եթե հաշվի առնենք ինֆլյացիան՝ պետական պարտատոմսերի առումով բավական ցածր տոկոսադրույքներ են։ Կորպորատիվ պարտատոմսերը պետք է պետությունից ավելի բարձր տոկոսադրույք սահմանեն, որպեսզի վաճառվեն»,- ասաց Կ. Թամազյանը։ Սակայն նշենք, որ պետական կարճաժամկետ պարտատոմսերի վերջին աճուրդներում (օգոստոսի 21-ին կամ 26-ին) դրանք տեղաբաշխվել են 11,3 տոկոսով։ Իսկ 1,5 տարվա մարման ժամկետով պարտատոմսերը օգոստոսի 24-ին տեղաբաշխվել են 14,2 տոկոսով։
Իրավիճակի աբսուրդն այն է, որ կառավարությունը, ցանկության դեպքում, կարող է նման տոկոսադրույքներով (նույնիսկ ավելի ցածր) առեւտրային բանկերից վարկ վերցնել։ Սակայն եթե պետական չինովնիկների համար այնքան էլ մեծ հոգս չէ համաժողովրդական փողերը (այսինքն՝ բյուջեն) անարդյունավետ ծախսել, ապա մասնավոր սեկտորը նման շռայլություն իրեն թույլ տալ չի կարող։ Այնուամենայնիվ՝ կառավարությունը հույս ունի, որ կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում, ֆինանսական շուկայում լրացուցիչ գումարներ կհայտնվեն, որը եւ կնպաստի տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի նվազմանը։



























