Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր հայտարարել է, թե Վերահսկիչ պալատն Արմավիրի մարզում ջրի գնով հողեր վաճառելու փաստեր է հայտնաբերել: «Կոնկրետ բերեմ օրինակ, ասենք 10 հեկտար հողը վաճառվել է 35 հազար 438 դրամով մեկ հեկտարը, եւ 10 հեկտարի համար համայնքի բյուջե մուտք է եղել 354 հազար դրամ, սակայն ուղիղ մեկ օր հետո այս հողը վերավաճառվել է 3 միլիոն 900 հազար դրամով:
Հաջորդ դեպքում 40 հեկտար հողը վաճառվել է 850 հազար դրամով, եւ ընդամենը 26 օր հետո վերավաճառվել է 21 միլիոն դրամով»,- հանցագործությունների փաստերն է ներկայացրել Ի. Զաքարյանը եւ նկատել, որ Փարաքար գյուղում կազինոների եւ կահույքի խանութների համար վաճառվել է հող, մեկ քառակուսի մետրը 6,7 դրամով: զաքարյանի ներկայացրած մեկ այլ փաստ էլ՝"Արաքս ավազան" եւ «Վինեկ» ՍՊԸ-ներին հող են վաճառել մեկ հեկտարը 25 հազար դրամով, բայց գյուղմթերքներ արտադրելու փոխարեն այդ հողում սկսել է արդյունահանվել սեւ ավազ, որի մեկ մեքենան մեկ մեքենան արժե 25-30 հազար դրամ:
Ըդնհանուր առմամբ՝ Վերահսկիչ պալատը Արմավիրի մարզում հայտնաբերել է 86 միլիոն դրամի խախտում:Վերահսկիչ պալատն աղաղակող չարաշահումներ է հայտնաբերել նաեւ մշակույթի նախարարությունում: Մշակույթի նախարարության ՊՈԱԿ–ներում ՎՊ–ն հայտնաբերել է 24 մլն. դրամի չարաշահում, նախարարության պահուստային ֆոնդում՝ 61,4 մլն. դրամի, իսկ հուշարձանների պահպանության ծրագրի դեպքում՝ 118,5 մլն դրամի յուրացումներ եւ չարաշահումներ։ Պետբյուջեից «Սայաթ Նովա» օպերան բերամդրելու համար տրամադրվել է 14,9 մլն. դրամ, սակայն ոչ օպերան է բեմադրվել, ոչ էլ գումարը կա։ Զարմանալին, սակայն, այն է, որ նման խայտառակ բացահայտումներից հետո նախարարն ու պատասխանատու պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել, իսկ ՎՊ բացահայտումները որեւէ լուրջ ազդեցություն չեն ունենում, մինչդեռ նորմալ երկրում նախարարն ինքը հրաժարական կներկայացներ:


























