Շիրակի մարզի Հոռոմ գյուղում գյուղացիները չեն հասցրել հավաքել խնձորն ու տանձը, առկա է ցրտահարման վտանգ: NEWS.am-ի հետ զրույցում Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկեւիչյանը նշեց, որ վերջին օրերին անընդհատ տեղացող անձրեւների պատճառով գյուղացիները դադարեցրել են բերքահավաքը, եւ թերեւս չեն էլ հասցնի մինչեւ հոկտեմբերի 11-ը հավաքել միրգը:
«Գիտենք, որ հոկտեմբերի 11-ին եւ 12-ին ցրտահարություն է լինելու, բայց հիմա էլ անձրեւ է տեղում, գյուղացին չի կարողանում բերքահավաք անի: Կարտոֆիլ էլ ունեն գյուղացիները չհավաքած, բայց դրան ցրտահարման վտանգ չի սպառնում, հողի տակ է բերքը»,-ասաց գյուղապետը:
Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի գյուղերում գյուղացիները բերքահավաքը հիմնականում արդեն վերջացրել են, եւ ցրտահարման լուրջ վտանգ չկա։
NEWS.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Ակունք գյուղի ղեկավարը կատակեց, որ այս տարի ցրտահարությունը «մի բան էլ ուշացել է»:
«Անցած տարվա համեմատ մի ամիս էլ ուշացել է ցրտահարությունը: Միշտ մինչեւ սեպտեմբերի կեսերն է լինում, այդ պատճառով էլ շուտվանից հավաքել ենք բերքը, եւ պատրաստ ենք ձմռան գալուն»,-ասաց համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը:
Նշենք, որ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում ցրտահարություն է սպասվում: Ցրտահարության վտանգ կա Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն էլ գյուղացիներին խորհուրդ էր տվել արագացնել բերքահավաքը՝ սպասվող ցրտահարություններին ընդառաջ:





























