Ռուսաստանի Շերլովայա Գորա բնակավայրում ծնողների աչքի առջեւ երեխաները խորտակվել են: Մեծերը հանգստացել են արհեստական ջրամբարի ափին եւ չեն նկատել, թե ինչպես է ջուրն ընկել ավտոմեքենան, որում գտնվել են նրանց որդիներն ու դուստրերը:

Ջրամբարը կտրուկ խորություն ունի: Ջուրն ընկնելով՝ մեքենան անմիջապես ընկղմվել է: Ավտոմեքենայում 5 երեխա է եղել, 2-ին հաջողվել է փրկել: Մահացել են 2 եւ 3 տարեկան երկու տղաներ եւ 8 տարեկան մի աղջիկ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, միջադեպի հանգամանքները պարզվում են:

Իսկ նախօրեին՝ հոկտեմբերի 8-ին, Կրասնոդարի երկրամասում առանձնատանը բռնկված հրդեհի հետեւանքով 7 երեխա է զոհվել: Հրդեհի ժամանակ տանը մեծեր չեն եղել: Այսօր հայտնի է դարձել, որ ծնողները երեխաներին տանը մենակ են թողել՝ սրճարան գնալու համար: