Նավթի համաշխարհային գները չորեքշաբթվա առք ու վաճառքի ընթացքում  թեթեւակի աճում են։ Էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցի տվյալները զսպում են դրանց աճը։ Այդ մասին է վկայում առք ու վաճառքի վիճակագրությունը։  

Հյուսիսծովյան նավթի Brent ապրանքանիշի դեկտեմբերյան ֆյուչըրսների արժեքն աճել է  0,03% -ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 49,70 դոլարի։ WTI ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչըրսների գինն աճել է  0,05%-ով՝ հասնելով մինչեւ մեկ բարելի դիմաց 46,69 դոլարի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Ներդրողները դեռեւս արձագանքում են երեքշաբթի Էներգետիկայի միջազգային գործակալության հրապարակած զեկույցին։ Դրա համաձայն, 2015-ին նավթի հանդեպ համաշխարհային պահանջարկի տեմպերը կավելանան վերջին հինգ տարիների առավելագույն չափով՝ օրական  1,8 բարելով, իսկ  2016-ին աճը կնվազի մինչեւ օրական 1,2 միլիոն բարել։

ՕՊԵԿ-ի նավթի նկատմամբ առաջարկը, ԷՄԳ-ի տվյալներով հաջորդ տարում կկազմի  օրական  31,1 միլիոն բարել, ինչը օրական 0,2 միլիոն բարելով պակաս է սեպտեմբերյան կանխատեսումներից։