Ես ամենայն հավանականությամբ կստեղծեմ քաղաքական կուսակցություն, որը կմասնակցի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ վերջնական որոշումը կկայացվի մինչեւ եկող տարվա մարտը։

Նրա խոսքով՝ ներկայումս ինքը երկու ուղի ունի. ստեղծել կուսակցություն եւ առաջ գնալ այդ կուսակցության հետ կամ միանալ որեւէ այլ քաղաքական ուժի։ «Խոսքը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին է։ Խոսքը Հայաստանի վարչապետ կամ նախագահ դառնալու մասին չէ, այլ այդ երկրի վիճակի բարելավման։ Բնականաբար, մենք մտածում ենք մեր գաղափարախոսության շուրջ։ Եթե կուսակցությունը ցանկանում է հաղթել, ապա իհարկե այն պետք է հստակ ձեւավոված գաղափարախոսություն ունենա։ Ներկայումս մենք քննարկում ենք մեր գաղափարախոսությունը եւ ծրագրերը»,- նշել է Աբրահամյանը։

Ռուսաստանի հայերի միության նախագահը պարզաբանել է, որ, հաշվի առնելով իր փորձը, ինքը որոշել է կարճ ժամանակահատվածում կազմել ծրագիր, որը կօգնի Հայաստանին եւ հայ ժողովրդին։ «Ես այդ հարցերը քննարկել եմ ՀՀ նախագահի հետ։ Նա շատ հանգիստ ասաց. «Եթե Դուք ծրագիր ունեք, ապա ինչու ոչ, իրականացրե՛ք այն»։ Մենք կարծում ենք, որ իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին եւ ոչ թե հակառակը»,- ընդգծել է Արա Աբրահամյանը։