Կանադացի նկարչուհի Վենդի Ցաոն Bratz տիկնիկներով նմանակել է կանանց, որոնք փոխել են աշխարհը: Ինչպես հայտնում է The Huffington Post UK- ը, Mighty Dolls նախագծի շրջանակում ստեղծվել են իրավապաշտպան, նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայի ու գրող Ջոան Ռոուլինգի նման նշանավոր կանանց տիկնիկային «նմանակները»:
Ցաոն պատմել է, որ իրեն ոգեշնչել են Սոնի Սինգհի Tree House տիկնիկները (Սինգհը պոպուլյար տիկնիկների վրայից ջնջում է շպարը, որպեսզի նրանք ավելի բնական տեսք ունենան): Bratz նման վերափոխման կարիք վաղուց ուներ, գրում է պարբերականը:
Նկարչուհու խոսքով, ինքն իրոք հիանում է Mighty Dolls նախագծում ներկայացված կանանցով, նրանց արարքներով կամ էլ ձեռքբերումներով: «Հենց այդ կանայք պետք է լինեն դերակատարային մոդելներ՝ Disney-ի կամ Հոլլիվուդյան պերսոնաժների փոխարեն կամ էլ դրանց հետ միասին»,- շեշտել է Ցաօն: «Մենք պետք է երեխաներին ցույց տանք, որ այդ հրաշալի կանայք նույնպես ժամանակին երեխաներ են եղել: Եվ որ նման ներուժ բոլորն ունեն»,- հավելել է նա:
Նախագծում նաեւ ներկայացված են ՄԱԿ –ի խաղաղության դեսպան ու պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, մոդել, գրող ու ակտիվիստ Վարիս Դիրին, առաջին կանադուհի տիեզերագնաց Ռոբերտա Բոնդարը, հայտնում է Gazeta-ն:






























