«Ինչպե՞ս եք պատկերացնում մեր համագործակցությունը այն հանձնաժողովի հետ, որը զբաղված է իմիտացիայով»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովում ՀԱԿ-ի հնարավոր մասնակցության մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Կոնգրեսն ընդունի հանձնաժողովականներից Արծվիկ Մինասյանի առաջարկը եւ ասենք փաստահավաք խմբում իր ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին գործուղի հանձնաժողով:
Հիշեցնենք, որ օրերս «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը կարծիք էր հայտնել, որ արտախորհրդարանական ընդդիմությունն ու նաեւ «Ժառանգությունը» պետք է ձգտեն մասնակցել հանձնաժողովի գոնե եզրափակիչ աշխատանքներին` հանձնաժողովում իրենց տեսակետները քննարկման առարկա դարձնելու եւ դրանք «առանձին դեպքերում` նաեւ եզրակացության մեջ արտացոլելու համար»:
«Լուծարված Փաստահավաք խումբը եւ այնտեղ մեր ներկայացուցիչը ծավալուն նյութեր, հստակ ձեւակերպված զեկույցներ են փոխանցել հանձնաժողովին, որոնք, ԵԽԽՎ պահանջի համաձայն` Նիկոյանի հանձնաժողովը պարտավոր է ներառել իր զեկույցում: Այդ հանձնաժողովի հետ համագործակցության ուրիշ տարբերակ մենք չենք տեսնում»,- ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:




























