Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը հատկապես կարեւոր է այն առումով,  որ դրանով նոր էջ է բացվում Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ Այս մասին հոկտեմբերի 15-ին՝ Երեւանում Գերմանիայի վերամիավորման 25-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրելուն։

«Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների առաջին նախագիծը չի ձախողվել այն իմաստով, որ այն շարունակում է ընդունելի մնալ ԵՄ քաղաքական գործիչների համար, որոնք այդ համաձայնագրի հիման վրա փորձում են շարունակել հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Այժմ արդեն ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի գործն առաջ գնա։ Ես համոզված եմ, որ վերջնական արդյունքը շուտով կերեւա»,- նշեց դիվանագետը։

Հաշվի առնելով սահմանափակումները, որոնք առաջանում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, դեսպանն այնուամենայնիվ կարծում է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ  հնարավոր է հարաբերություններ հաստատել շատ ոլորտներում։ «Կան շատ բնագավառներ, որոնց կարող է վերաբերել այդ համաձայնագիրը։ Դրանցից մեկը տնտեսական եւ առեւտրային հարաբերություններն են։ Վստահ եմ, որ նոր փաստաթղթի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի հետ, այլ ԵՄ անդամ երկրների հետ։ Եվրամիությունը շատ գործիքներ ունի դա իրականցնելու համար։ Պարզապես պետք է ստուգել, թե այդ գործիքները որքանով են համատեղելի ԵՏՄ շրջանակներում Հայաստանի պարտավորությունների հետ։ Բայց  սա շատ կարեւոր ազդակ է առ այն, որ Հայաստանը Եվորոպա է նայում»,- նշեց Մաթիաս Քիսլերը։

Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդը հոկտեմբերի 12-ին Եվրահանձնաժողովին եւ Բարձր ներկայացուցչին  լիազորել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտադիր եւ համընդգրկուն համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսել։