Մեզ համար շատ կարեւոր է Ռուսաստանում աշխատանքի անցնելու ցանկություն ունեցող արտասահմանյան քաղաքացիների թեստավորման հարցը։  Այդ մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսական Դաշնության Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը։ 

Նրա խոսքով, Առեւտրա-արդյունաբերական պալատը կրթության նախարարության եւ մաքսային ծառայությունների հետ միասին ակտիվորեն աշխատում է  ներգաղթյալների հարցի շուրջ՝ նրանց նախապատրաստելու համար ռուսերենի քննությանը, որն անհրաժեշտ է աշխատանք ստանալու համար։ «Այժմ համագործակցություն է հաստատվել, եւ մենք կուզեինք, որ գործընթացին մասնակցեին ԱՊՀ-ի մեր գործընկերները։ Անհամեմատ ավելի արդյունավետ կլիներ,  եթե Ռուսաստան մեկնել ցանկացողները տեղում լուծեին ռուսերեն սովորելու հարցը, հետո նոր գային Ռուսաստան», - նշել է Կատիրինը՝ հավելելով, որ դա աշխատանքային ներգաղթյալներին կօգնի խաբեբաների ձեռքը չընկնել։ 

Բացի այդ, Կատիրինի խոսքով, դեպքեր են պատահում, երբ ներգաղթյալներին կեղծ փաստաթղթեր են տալիս եւ նրանք քաղաքացիության, աշխատանքի վարձատրության հետ կապված տհաճ իրավիճակների մեջ են հայտնվում։ «Կուզեինք, որ ամեն ինչ քաղաքակիրթ եղանակով արվեր, որպեսզի աշխատանքային ներգաղթյալները աշխատանքային ստրկության մեջ չհայտնվեին», - ընդգծել է նա։