Հայաստանի 2016թ. պետբյուջեում տնտեսական մասը վառ արտահայտված չէ, ինչը անհանգստության տեղիք է տալիս։ Այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նա հիշեցրել է, որ 2016թ. պետբյուջեում 800 մլն դոլար նախատեսված է սոցիալական ծրագրերի համար։ Այսինքն՝ բյուջեի 1/3-ը կհատկացվի միայն սոցիալական ոլորտին։ «Ինձ անհանգստացնում է, որ եկող տարվա բյուջեում տնտեսությունը հստակ չի նկարագրված, այլ ներկայացված են միայն տնտեսական հարաբերությունները»,- նշել է Մակարյանը։

Նրա կարծիքով Հայաստանում դժվարանում է հարկահանության հարցը։ «Հայաստանը հարկերի մասով իր ՀՆԱ ցուցանիշներով դեռ հաջողակ երկրների ցուցակում չէ»,- ընդգծել է փորձագետը։ Մակարյանի խոսքով՝ կգա այն օրը, երբ սովորական մարդիկ բիզնես չեն ունենա, քանի որ մրցակցությունը կթելադրեն պաշտոնատար անձանց հարազատներն ու ծանոթները։ «Նման տնտեսությունը չի կարող ապագա ունենալ»,- ընդգծել է Հայաստանի գործատուների միության նախագահը։