Ռուսաստանում, ինչպես նաեւ ԱՊՀ որոշ երկրներում քաղաքական իրավիճակը խոչընդոտ է առեւտրային հարաբերությունների խորացման համար, սակայն Հայաստանը առեւտրատնտեսական շփումների ապահովման համար ներուժ ունի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առեւտրա-արդյունաբերական  պալատի ղեկավար Մարտին Սարգսյանը:

«Սակայն այդ իրավիճակը երկար չի ձգվի, եւ կլոր սեղանների օգնությամբ կհանգենք որոշման, ինչը դրականորեն կազդի Հայաստանի վրա: Մենք ստեղծում ենք հարթակ, որտեղ գործարարները կարող են հանդիպել եւ քննարկել խնդիրները, ընդհուպ մինչեւ դրանց լուծման հասնելը»,-ասել է Սարգսյանը:

Նա նաեւ նշել է եվրոպական երկրների հետ համագործակցության կարեւորությունը, հատկապես ընդգծելով, որ Հայաստանի առետրա-արդյունաբերական պալատը միացել է «East Invest» ծրագրին: Այդ ծրագրի շրջանակներում հայ ձեռնարկատերերը եվրոպական շուկաներ արտահանման վերաբերյալ դասընթաց են անցնում, նաեւ եվրոպական ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն ստանում: