Բելառուսում նախագահական ընտրությունները (հոկտեմբերի 11) անցել են ՄԱԿ-ի ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի չափորոշիչներին համապատասխան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ:

«Մենք փորձել ենք վերականգնել մեր հարաբերությունները Եվրոպական միության՝ մեր առեւտրատնտեսական հիմնական գործընկերներից մեկի հետ: Ես դա չեմ թաքցրել, մենք արել ենք այն ամենն, ինչ խնդրել են մեր գործընկերները: Ընտրություններից հետո հարց է դրվել ՝ իսկ հետո ի՞նչ պետք է արվի»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, «ստիպված են եղել ընդունել, որ Բելառուսում ընտրություններն անցել են ոչ միայն մեր երկրի՝ այլ այն չափորոշիչներին համապատասխան, որոնք մշտապես մեզանից պահանջում են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն ու այլ կառույցներ»,-փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լուկաշենկոն շեշտել է, որ շատ կարեւոր էր, թե բելառուսներն ինչպես կքվեարկեին այսքան ուժեղ արտաքին ազդեցության պայմաններում: Ընդ որում նա շեշտել է, որ անցած նախագահական ընտրությունները հանրապետության համար ծանր էին: Նա նշել է, որ մանրամասն անդրադառնում է այս հարցին, «քանի որ նմանատիպ գործընթացներ հետագայում սպասվում են նաեւ ԱՊՀ բոլոր մյուս երկրներին, ու ստիպված են լինելու կոռեկտ ձեւով ապացուցել պետությունը ղեկավարելու իրենց կարողությունը»:

Լուկաշենկոն նաեւ կարեւորել է Համագործակցության դերը՝ շեշտելով, որ ԱՊՀ բոլոր երկրների դիտորդների ընտրությունների վերաբերյալ ընդհանուր եզրակացությունից հետո արեւմտյան պետություններին արդեն դժվար է ձեւակերպել իրենց նախապատրաստած օրակարգերը: Ընդ որում Լուկաշենկոն ցանկություն է հայտնել, որ մյուս հարցերում նույնպես ԱՊՀ-ի դերակատարումն ավելանա: