Թուրքական զինված ուժերի ուղաթիռը երկու անգամ` հոկտեմբերի 6-ին եւ 7-ին ներխուժել է Հայաստանի օդային տարածք, որին սակայն ՀՀ պատկան մարմինները համարժեք ձեւով չեն արձագանքել: Այս մասին ասված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սա աննախադեպ իրադարձություն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:
Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային սահմանի խախտումը թշնամաբար տրամադրված պետության ռազմական ուղղաթիռի կողմից չի ստացել ՀՀ պատկան մարմինների համապատասխան գնահատականը, ինչին հետեւեց հայկական օդային տարածքի երկրորդ խախտումը: Նույնիսկ երկրորդ միջադեպից հետո ՀՀ պատկան մարմինները` կառավարությունը, պաշտպանության նախարարությունը եւ ԱԳՆ-ն հանդես չեն եկել դատապարտող հայտարարություններով:
ՀՀ իշխանությունները չեն կարող հաշվի չառնել, որ Հայաստանի օդային սահմանների խախտումները տեղի են ունենում նույն երկրի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման, կոշտ հռետորաբանության պայմաններում: Այլ առիթներով արագ արձագանքող եւ նախազգուշացնող հայտարարություններով հանդես եկող ՀՀ ՊՆ ընդունել է այնպիսի կեցվածք, կարծես որեւէ միջադեպ չի եղել: Սա մտահոգիչ դիքրոշումը է, հաշվի առնելով այն, որ թուրքական կողմը տեղի ունեցածի կապակցությամբ անգամ ներողություն կամ ափսոսանք չի հայտնել:
Ինչպեսեւ սեպտեմբերյան օրերին, երբ գնդակոծվում էր Հայաստանի տարածքը Նոյեմբերյանի շրջանում՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի, այնպես էլ այսօր, Հայաստանի հանրությանը չեն տրամադրվում լիարժեք տեղեկություններ, թե արդյոք Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի եւ այսօր արդեն Թուրքիայի կողմից սահմանների խախտումների հարցը գործընկերների հետ հանդիպումներին, ՀԱՊԿ եւ ԵԱՀԿ շրջանակներում:
Ավելի քան անհասկանալի է, երբ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ ագրեսիայի ակնհայտ հատկանիշներ ունեցող գործողությունը ՀՀ ԱԳՆ ներկայացնում է որպես հրադադարի խախտում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ անվտանգության կազմակերպություններից եւ ոչ մեկը հանդես չի եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի` ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող գործողությունները դատապարտող, կամ առնվազն գնահատող հայտարարություններով: Նման իրավիճակը վկայություն է կա՛մ Հայաստանի դիվանագիտության անգործության, կա՛մ Հայաստանի այնաստիճան հեղինակազրկման, երբ գործընկերները անտեսում են ներկայացված բոլոր փաստերը:
Հայաստանի, ինչպես նաեւ գործընկեր երկրների ու անվտանգության միջազգային կազմակերպությունների լռությունը կարող է սխալ ազդակ ծառայել ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություն իրականացրած երկրների համար:
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները, որոնք ոտնահարում են ՄԱԿ-ի կանոնադրություն, խախտում այդ երկրների ստանձնած պարտավորությունները եւ մտահոգություն հայտնում Հայաստանի իշխանությունների վախվորած եւ ոչ համարժեք արձագանքների կամ դրանց բացակայության կապակցությամբ:





























